Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հավանականության մասին

Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թունյանը՝ Ադրբեջանից գազ 
գնելու հավանականության մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն այս պահին Ադրբեջանից գազ գնելու հարց չունի իր օրակարգում, ռուսական գազը և իրանական գազը Հայաստանի տնտեսության պահանջարկն ամբողջությամբ բավարարում են: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը լրագրողների հետ զրույցում:   

«Իմ ունեցած տեղեկություններով՝ ոչ մի նախնական պայմանավորվածություն չկա: Նման քննարկումներ չեն եղել: Բայց, եթե կա որևէ երկիր, որը գազ է վաճառում, և կա երկիր, որը գազի կարիք ունի, և, եթե չկա դրա համար խոչընդոտ, ապա ամեն բան քննարկելի է: Բայց այս պահին որևէ պայմանավորվածություն կամ նախնական ինչ-որ համաձայնություն չկա»,-ասաց Թունյանը:

Ըստ պատգամավորի՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է, որտեղ ամենաշահավետն է:

Անդրադառնալով հնարավոր վտանգների վերաբերյալ հարցին՝ Թունյանը պատասխանեց. «էներգակիրների հետ կապված վտանգներ առաջանում են այն ժամանակ, երբ քո էներգետիկ անվտանգությունը ցածր մակարդակի վրա է, և քո աղբյուրը մեկն է: Ինչքան կարողանում ես քո մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացնել, այնքան նշանակում է, որ քո էներգետիկ անվտանգության մակարդակը ավելի ես բարձրացնում»:

Հայաստանը միշտ մտածել է էներգետիկ անվտանգության աղբյուրները դիվերսիֆիկացնելու մասին: Պատգամավորը, որպես դրա վկայություն, հիշեցրեց, որ ժամանակին կառուցվել է նաև Իրան-Հայաստան գազամուղը:

Թունյանը կարծում է, որ Հայաստանը պետք է փորձի մաքսիմալ դիվերսիֆիկացնել իր հնարավորությունները: Պատգամավորը միևնույն ժամանակ ընդգծեց. «Այս պահին ռուսական գազը և իրանական գազը մեր տնտեսության պահանջարկն ամբողջությամբ բավարարում են»:

Այսպիսով, պատգամավորը վստահեցնում է, որ Ադրբեջանից գազ գնելու հարց Հայաստանն իր օրակարգում չունի: «Նման բան պայմանավորվելու համար մենք նախ պետք է ունենանք կարգավորված հարաբերություններ, որոշակի շփումներ, գործնական առնչություններ, որ հետո այդպիսի հարց քննարկենք, այն էլ այն ժամանակ, եթե դրա անհրաժեշտություն լինի»,–ասաց նա:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չէր բացառել, որ Հայաստանը կարող է գազ ձեռք բերել Ադրբեջանից:

Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ շատ դրական է վերաբերվում դրան, կարծում է, որ Հայաստանը պետք է քննարկի այդ հարցը, բայց նման քննարկումներ չկան:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]